ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Համաշխարհային գրականության Կոմանդանտեն

Համաշխարհային գրականության Կոմանդանտեն
01.06.2025 | 17:33

2014-ի ապրիլի 17-ին, ութսունյոթ տարեկան հասակում, երկրային կյանքին հրաժեշտ տվեց կոլումբիացի աշխարհահռչակ գրող, կենդանության օրոք արդեն իսկ դասական, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Մարդ, ով աշխարհին պարգևեց «Սերը ժանտախտի ժամանակ», «Նահապետի աշունը», «Գնդապետին ոչ մեկը չի գրում» ու բազմաթիվ այլ երկեր, որոնց թվում աշխարհը պայթեցրած «Հարյուր տարվա մենություն» ամենավեպը։

Հավերժության հետ իր չընդհատված զրույցը գնաց շարունակելու մի մարդ, ով գրականություն բերեց մոգական ռեալիզմը, ով նոբելյան իր հանրահայտ ճառում այսպես խոսեց մարդկության ու սեփական անձի առաջ պատասխանատվության իր բաժնի մասին՝ ես պատասխանատու եմ նրա համար, որ մարդիկ հավատում են ուտոպիային, որտեղ ոչ ոք չի կարող ուրիշի փոխարեն վճռել ինչպես իրեն պահել, որտեղ սերը կլինի իրական, երջանկությունը՝ հնարավոր, իսկ հարյուր տարվա մենության դատապարտված ժողովուրդները ձեռք կբերեն ապրելու իրավունք։

Հավերժության հետ իր չընդհատված զրույցը գնաց շարունակելու մի մարդ, ով դուրս էր եկել տարածության ու ժամանակի ընկալման առօրյա չափանիշներից, ով գիշերվա դեմ տատիկի պատմած հեքիաթներից, հարյուր տարվա պատերազմի մասին պապիկի հիշողություններից ու պատուհանի տակ արտասվող գեղջկուհու արցունքներից ստեղծեց իր մարկեսյան աշխարհը՝ նո՛ր լեզվով, նո՛ր կրքով, նո՛ր տրամաբանությամբ, ու այդ աշխարհն այնքա՛ն նոր էր, որ շատ բաներ դրանում անուն չունեին, ու դրանք առանձնացնելու համար ստիպված էիր մատով ցույց տալ։

Հավերժության հետ իր չընդհատված զրույցը գնաց շարունակելու մի մարդ, ով խոսում էր այնպես, ասես սիրտն ափի մեջ էր, ով ընկեր ասելով՝ հասկանում էր ձեռքդ բռնողին ու հոգիդ զգացողին, քանի որ այս աշխարհում ժամանակ չպիտի վատնել նրա հետ, ով չի ձգտում այն քեզ հետ անցկացնել։

Կյանքից հեռացավ մի մարդ, ով մտերմորեն զգուշացնում էր՝ «ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե դու ով ես, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քեզ հետ եմ», ու երիցս ճիշտ էր, որովհետև աղոթելիս դու ես ու Աստված, երրորդը չկա։

Հեռացավ մի մարդ, ով հուշելով հիշեցնում էր՝ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են քեզ ցավ պատճառել, սակայն միշտ պիտի շարունակել հավատալ մարդկանց, պարզապես պիտի մի փոքր զգույշ լինել։

Հեռացավ մի մարդ, ով գիտեր՝ մարդուն կարոտելու վատագույն միջոցը նրա հետ լինելն ու հասկանալն է, որ նա երբեք քոնը չի լինի։

Հեռացավ մեկը, ով համոզված էր՝ ոչ մեկն արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, քեզ չեն ստիպի արտասվել։

Հեռացավ մեկը, ով հավատացած էր՝ մարդիկ ծերանում են, որովհետև դադարում են սիրել, իսկ մահը նշանակում է լոկ մեկ բան՝ այլևս չլինել ընկերների հետ։

Հեռացավ նա, ով ողջ կյանքում գրեց մենության մասին՝ սարկաստիկ հուշելով ու հիշեցնելով՝ հանգիստ եղեք, մեռնելն այդքան հեշտ չէ՝ հրաշալի հասկանալով, որ մարդը մեռնում է լոկ այն ժամանակ, երբ պատրաստ է։

Մարկեսի կյանքն էլ նման էր իր ստեղծած ֆանտաստիկ գրականությանը։ Նրա հեռանալը նման էր իր իսկ հորինած Ռոմեդեոս գեղեցկուհու անձայն քայլերին։ Եվ եթե վերջինիս հետևից թռչում էին թիթեռները, Մարկեսին ճանապարհեց լսելու ժամանակը, որին նա հետևում, ուսումնասիրում, հպատակեցնում էր իր ողջ երկրային կյանքում՝ մեզ թողնելով հարյուր տարվա մենության կախարդանքն ու ստիպելով կրկին ու կրկին հավատալ խոսքի մոգական ուժին։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ